Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

1 Min Read

ԱՄՆ կոնգրեսական Լորա Ֆրիմենը հայտարարել է, որ 1000 օր է՝ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք պահվում են Ադրբեջանում։ Նա ընդգծել է, որ նրանք անօրինական են կալանավորված և ենթարկվում են բռնությունների ու սպառնալիքների։

Ֆրիմենը նշել է, որ աշխարհը չպետք է մոռանա ոչ միայն գերիների, այլև Արցախից տեղահանված հայերի մասին։

Կոնգրեսականը պատմել է, որ այցելել է Արցախ, տեսել հին եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները։ Նա ցավով նշել է, որ հայերին վտարել են, իսկ հայկական մշակութային ժառանգությունը վնասվում և ոչնչացվում է։

Ֆրիմենը քննադատել է Ադրբեջանի «դատավարությունները» Արցախի նախկին ղեկավարների և գերիների նկատմամբ՝ դրանք անվանելով անարդար ու ցուցադրական։

Կոնգրեսականը ԱՄՆ-ում աշխատում է մի քանի նախաձեռնությունների վրա՝ Արցախից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, տեղահանվածներին օգնության ավելացման և Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման համար։

Իր խոսքի վերջում Ֆրիմենն ասել է, որ իրական խաղաղություն հնարավոր չէ առանց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի իրավունքներն ու ինքնիշխանությունը հարգելու և բոլոր հայ գերիներին ազատ արձակելու։

Share This Article