Վենեսուելայում՝ Կարակասից հյուսիս-արևմուտք, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ գրանցվել է երկու ցնցում՝ 7.1, ապա 7.5 մագնիտուդով, 10 կմ խորության վրա։
Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել Մոնտալբանից 28 կմ հեռավորության վրա, որտեղ կան խոշոր նավթավերամշակող ձեռնարկություններ։ Սկզբնական ցունամիի նախազգուշացումը չեղարկվել է։
Ցնցումները զգացվել են Կարակասում, որտեղ խուճապահար բնակիչները տարհանվել են շենքերից։ Սոցցանցերում տարածված կադրերում երևում են վնասված շենքեր։ Շատ շենքեր փլուզման վտանգի տակ են, որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարարությունը հայտնել է, որ երկրաշարժը զգացվել է ամբողջ երկրում, այդ թվում՝ Յարակույում, Լարայում, Մերիդայում, Արագուայում, Կարաբոբոյում, Լա Գուայրայում, Միրանդայում և մայրաքաղաքային շրջանում։
Ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն մտահոգիչ է անվանել Կարակասի Ալտամիրա թաղամասի իրավիճակը, որտեղ ավերվել են շենքեր։ Նա կոչ է արել վարորդներին ճանապարհ տալ շտապօգնության և արտակարգ ծառայություններին, իսկ շենքերից դուրս եկած մարդկանց՝ մնալ փողոցում՝ հնարավոր հետցնցումների պատճառով։
USGS-ը Վենեսուելայի երկրաշարժը գնահատել է կարմիր տագնապի մակարդակով՝ կանխատեսելով բազմաթիվ զոհեր և լայնածավալ վնասներ։

