Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարությանն է ներկայացնելու Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծ։
Իսրայելական ԶԼՄ-ների համաձայն՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Երուսաղեմը կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Եթե բանաձևը հաստատվի, դա կարող է վկայել Իսրայելի տարածաշրջանային քաղաքականության զգալի փոփոխությունների մասին։
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը նշում է, որ տասնամյակներ շարունակ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելում հետաձգվել է Թուրքիայի հետ կապված քաղաքական, տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների պատճառով։ Այդ հարաբերություններում առաջացած ներկա ճգնաժամը կարող է դառնալ ճանաչման պատճառ։
Սակայն կարևոր է հաշվի առնել, որ արտգործնախարարի հայտարարությունից մինչև փաստացի ճանաչում կան մի քանի փուլեր՝ բանաձևի նախագծի ներկայացում, կառավարության և Կնեսետի կողմից քննարկում և հաստատում, ինչպես նաև այլ պետական կառույցների որոշումներ։
Հետևաբար, այս հայտարարությունը ոչ թե արդեն կայացած ճանաչման, այլ նախաձեռնության մասին է, որը հետագայում կարող է հանգեցնել Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Սա երկար սպասված և ողջունելի գործընթաց է։

