Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել

2 Min Read

Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Օրակարգում ներառված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի նախագիծն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել այն զինապարտների համար, ովքեր հրաժարվում կամ խուսափում են նշանակված առողջական վիճակի հետազոտությունից կամ փորձաքննությունից՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, զորահավաքից կամ վարժական հավաքից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի ընթացքում։

Նաև առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել այն դեպքերի համար, երբ քաղաքացին հրաժարվում կամ խուսափում է հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում անհրաժեշտ նմուշ տրամադրելուց։ Այդ արարքի համար նախատեսվում է մեկից երեք տարի ազատազրկում։

Միևնույն ժամանակ, նախագծով քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում կամավոր անցնի նշանակված հետազոտությունը կամ փորձաքննությունը, ինչպես նաև կամավոր տրամադրի անհրաժեշտ նմուշը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված զինվորական ծառայությունից խուսափելու համար, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի, կեղծ բժշկական փաստաթղթերի կամ այլ խաբեության միջոցով։

Սակայն, ըստ հեղինակների, հաճախ արձանագրվում են դեպքեր, երբ քաղաքացիները կեղծ բժշկական փաստաթղթերով ազատվել կամ տարկետում են ստացել ծառայությունից, իսկ հետագայում, քրեական վարույթի շրջանակում լրացուցիչ հետազոտություն կամ փորձաքննություն նշանակվելիս, հրաժարվում են մասնակցել կամ նմուշ տրամադրել՝ խոչընդոտելով փաստերի բացահայտմանը։

Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի նվազեցնել կեղծ հիմքերով ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու դեպքերը, ինչպես նաև հնարավորություն տալ իրավապահներին ամբողջական քրեաիրավական գնահատական տալ նման դեպքերին։

Share This Article