Թուրքիայի նախագահականն արձագանքել է Հայոց ցեղասպանության թեմայով Իսրայելի որոշմանը

1 Min Read

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Նա հայտարարել է, որ Իսրայելը պատմական իրադարձություններն օգտագործում է որպես քաղաքական գործիք։ Դա արվում է Գազայում իրականացվող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները քողարկելու նպատակով։

Դուրանը նշել է. «Ցեղասպանության մեղադրանքով միջազգային դատարանում քննվողները իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալ կամ բարոյականության մասին ճամարտակել»։

Թուրք պաշտոնյան Իսրայելի որոշումն անվանել է «երկերեսանիության դրսևորում»։ Նա պնդել է, որ այն նպատակ ունի ուշադրություն շեղել պաղեստինցիների դեմ իրականացվող գործողություններից։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու՝ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարի նախագծին։

Կառավարության նիստում Գիդեոն Սաարն ասել է. «Երբեք ուշ չէ ճիշտ գործելու համար»։

Share This Article