Ֆրանսիայի հարավում շարունակվում են անտառային հրդեհները՝ սրվելով երաշտի և շոգի պատճառով։ Ամենամեծ հրդեհի օջախը տարածվել է Օդ և Էրո շրջաններում՝ պատելով ավելի քան 900 հեկտար տարածք։
Մարման աշխատանքներում ներգրավվել է մինչև 800 հրշեջ և մոտ 150 միավոր տեխնիկա։ Օդ շրջանում գործի են դրվել չորս հրշեջ ինքնաթիռներ։ Առաջնահերթությունը կրակի տարածումը զսպելն է՝ հաշվի առնելով ջերմաստիճանի բարձրացումն ու քամու ուժգնացումը։
Մարսելի շրջանում նոր օջախներ են առաջացել։ Հինգշաբթի բռնկված երկու հրդեհները հաջողվել է վերահսկողության տակ առնել, սակայն դրանք դեռևս ամբողջությամբ չեն մարվել։
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկոռնյուն հայտարարել է, որ ամառային սեզոնի սկզբից ի վեր երկրում տեղի է ունեցել գրեթե 7000 հրդեհ, որոնց հետևանքով այրվել է շուրջ 8700 հեկտար տարածք։ Նա իրավիճակը որակել է «բավականին լարված»։
Հրդեհների առանձին օջախներ պատել են նաև Կանե ան Ռուսիյոն ափամերձ շրջանը, որտեղ երեք ճամբարներից տարհանվել է մոտ 1500 մարդ։ Կրակը ոչնչացրել է հարյուրավոր շարժական տնակներ։ Հրշեջները «դաժան պայքար» են մղում՝ կրակի տարածումը դեպի արդյունաբերական գոտի կանխելու համար։
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ բարձր ջերմաստիճանը և չորային պայմանները կպահպանվեն առաջիկա օրերին։ Միջերկրածովյան տարածաշրջանում ուժեղ քամին լրացուցիչ բարդացնում է իրավիճակը։

