«Ժողովուրդ». Շրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը

3 Min Read

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հայտարարագրերը՝ պաշտոնական գործունեության ընթացքում նրա գույքը, դրամական միջոցները, եկամուտները և պարտավորությունները պարզելու համար։

Համբարձում Մաթևոսյանը մասնագիտական գործունեությունը սկսել է արտերկրում։ 2011-2012 թվականներին աշխատել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող։ 2013-2014 թվականներին եղել է Ուկրաինայի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ի Եվրոպական շուկայի պատասխանատուն։ 2013-2015 թվականներին՝ ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական Դոնեցկում։ 2016-2018 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարչի, ընդհանուր կրթության գծով խորհրդականի պաշտոնը։

2018-2021 թվականներին եղել է Արմավիրի մարզպետ, 2021-2022 թվականներին՝ ՀՀ փոխվարչապետ, 2023-2025 թվականներին՝ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2025 թվականի հուլիսի 16-ից նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Համբարձում Մաթևոսյանը համասեփականության իրավունքով տնօրինում է Երևանում մեկ բնակարան (1/2 բաժնեմաս, ձեռք է բերվել 2017-ին)։ Նա ունի 11.7% տոկոսադրույքով հիփոթեքային փոխառություն «Փայտամշակ» ՓԲԸ-ի նկատմամբ (տարեսկզբին՝ 29,8 մլն դրամ, տարեվերջին՝ 29,3 մլն դրամ)։

Բանկային հաշիվներում տարեսկզբին եղել է 1,3 մլն դրամ, տարեվերջին՝ 9,2 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում կազմել են 2 մլն դրամ։ Նախարարի ընդհանուր եկամուտը 2025-ին կազմել է 24,9 մլն դրամ, որից 15,2 մլն դրամը՝ Շրջակա միջավայրի նախարարությունից, 6,7 մլն դրամը՝ վարչապետի աշխատակազմից, իսկ 2,9 մլն դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։

2024 թվականին Համբարձում Մաթևոսյանը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ Նա շարունակել է ունենալ Երևանի բնակարանի 1/2 բաժնային սեփականությունը։ Հայտարարագրվել է 11.7% տոկոսադրույքով փոխառությունը «Փայտամշակ» ՓԲԸ-ի նկատմամբ, որի մնացորդը տարեվերջին կազմել է 29,8 մլն դրամ։ Բանկային հաշիվներում տարեսկզբին եղել է 2,9 մլն դրամ, տարեվերջին՝ 1,3 մլն դրամ։ Կանխիկ միջոցները տարեսկզբին՝ 20 հազար ԱՄՆ դոլար և 5 մլն դրամ, տարեվերջին՝ 2 մլն դրամ։ Ընդհանուր եկամուտը 2024-ին կազմել է 10,1 մլն դրամ։

2023 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրով Համբարձում Մաթևոսյանի բանկային հաշվում առկա է եղել 4,4 մլն դրամ։ Կանխիկ միջոցները՝ 5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։

2022 թվականին (պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր) բանկային հաշիվներում ունեցել է 4,07 մլն դրամ, կանխիկ միջոցները՝ 5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։ Եկամուտը ՀՀ կառավարությունից՝ 21,3 մլն դրամ։

2021 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ բանկային հաշիվներում տարեսկզբին առկա է եղել 3,3 մլն դրամ, տարեվերջին՝ 7,1 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին՝ 3,8 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին՝ 5 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար։ Ընդհանուր եկամուտը կազմել է 15,4 մլն դրամ, որից 12,7 մլն դրամը՝ Արմավիրի մարզպետարանից, իսկ 2,7 մլն դրամը՝ ՀՀ կառավարությունից։

Share This Article