Արարատի համայնքապետարանին է վերադարձվել քաղաքային զբոսայգու ևս 1 հողատարածք

1 Min Read

Արարատի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքի հողամասերի տրամադրման փաստաթղթերը։

Պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի պահանջները, 2008 թվականի ապրիլի 2-ին 0.0591 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է ֆիզիկական անձի։ Վերջինս իրավունքը փոխանցել է մեկ այլ ֆիզիկական անձի։

Դատախազը միջնորդագիր է հասցեագրել Արարատ համայնքի ղեկավարին՝ կառուցապատման իրավունքը դադարեցնելու համար։

Արարատի համայնքապետարանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հունիսի 29-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է նշված հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողամասը, որի կադաստրային արժեքը 1 միլիոն 109 հազար դրամ է, վերադարձվել է համայնքի տիրապետմանը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 18-ին դատախազական միջամտության արդյունքում դադարեցվել էր Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 0,1280 հա մակերեսով և 2 միլիոն 403 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի կառուցապատման իրավունքը։

Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։

Share This Article