Փաշինյանը՝ «Իննոպրոմ-2026»-ում. Հայաստանը՝ բարձր տեխնոլոգիաների հուսալի գործընկեր

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերիմբուրգում մասնակցել է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Միջոցառմանը ներկա էին նաև ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարության ղեկավարին հրավերի և միջոցառման կազմակերպման բարձր մակարդակի համար։ Նա ընդգծել է, որ «ԻՆՆՈՊՐՈՄ» ցուցահանդեսը առաջատար արդյունաբերական լուծումներ և բիզնես հնարավորություններ ցուցադրելու հարմար հարթակ է։

Վարչապետը նշել է Հայաստանի արդյունաբերության կայուն աճը վերջին տարիներին։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 4.7%՝ 2024 թվականի համեմատ, իսկ ընթացիկ տարվա չորս ամիսներին՝ 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին ինը տարիների ընթացքում աճել է 2 անգամ։

Փաշինյանն անդրադարձել է միկրոէլեկտրոնիկայի, կենսադեղագործության և ռոբոտաշինության զարգացմանը, որոնք խթանում են գիտական մշակումների պահանջարկը, մասնագիտական կրթության համակարգի արդիականացումը և նոր աշխատաշուկա են ձևավորում։ Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է՝ տեխնոլոգիական զարգացումն ապահովելու նպատակով։

Share This Article