«Մեղադրանքը լրիվ սարքած է, փուչիկ է, սուտ, որևէ բան չկա։ Հակառակը, կա մարդ, որը թուղթը գրել է, դեսպանները ներկա են եղել, բոլորը սարքած փուչիկ է։ 100 տոկոս դա պիտի ապացուցվի, ամեն ինչ պարզ կլինի»,- կեսգիշերն անց հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի շենքից դատարան տեղափոխվելիս։
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ 2022-2024 թվականներին առերևույթ կատարվել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում։ Մասնավորապես, Գ.Ծ.-ի կազմակերպած հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացիների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել և համատեղ իրավաբանական անձինք հիմնել։
Քննչական կոմիտեի շենքի մոտ հավաքված աջակիցները Գագիկ Ծառուկյանին ճանապարհեցին ծափահարություններով և «Ծառուկյան, Ծառուկյան» վանկարկումներով։
Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը կքննի առավոտյան ժամը 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։
Նախօրեին՝ հուլիսի 6-ին, 12 ժամից ավել իրավապահները խուզարկել են Ծառուկյանի առանձնատունը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերությունները։ «Կապարակնքվել են շուրջ մեկ տասնյակ ընկերություններ, դրանք դադարեցրել են գործունեությունը, և շուրջ 7000 աշխատակիցներ այսօրվանից սկսած հարկադիր պարապուրդի են մատնված»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

