Աստղագետները հայտնաբերել են բամբակյա կոնֆետից թեթև երկու հսկա մոլորակ

2 Min Read

Աստղագետները հայտնաբերել են Յուպիտերի չափի երկու հսկա մոլորակ, որոնք բամբակյա կոնֆետից էլ թեթև են։ Այս «սուպերփքված» մոլորակները պտտվում են Երկրից 1110 լուսային տարի հեռավորության վրա գտնվող աստղի շուրջ։

Այս երկու մոլորակներն իրենց չափի մեջ ամենաթեթևն են հայտնի էկզոմոլորակների շարքում՝ ունենալով ավելի ցածր խտություն, քան բամբակյա կոնֆետը։ Օքսֆորդի համալսարանի Ջորջ Դրանսֆիլդը նշել է, որ դրանց խտությունը համեմատելի է սափրվելու փրփուրի հետ։ Նա և իր թիմը իրենց հայտնագործությունները հրապարակել են Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում։

Դրանսֆիլդը ենթադրում է, որ այս թեթև մոլորակները, հավանաբար, սպիտակ կամ կապույտ են՝ կախված մթնոլորտի ամպամածությունից։ Դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից, սակայն քիմիական կազմը հաստատելու համար անհրաժեշտ են ՆԱՍԱ-ի «Ուեբ» տիեզերական աստղադիտակի հետագա դիտարկումները։

ՆԱՍԱ-ի Tess արբանյակի կողմից վերջին տասնամյակի ընթացքում հայտնաբերված այս մոլորակները պտտվում են Հարավային Երկնային կիսագնդի Volans համաստեղության աստղի շուրջ։ Հետազոտողները Երկրի վրա գտնվող աստղադիտակների միջոցով ուսումնասիրել են մոլորակների ուղեծրերը՝ դրանց խտությունը որոշելու համար։ Համեմատության համար նշենք, որ Յուպիտերը 35 անգամ ավելի խիտ է, քան այս նոր հայտնաբերված մոլորակները։

Նոր մոլորակներն ունեն նաև անսովոր երկար ուղեծրեր. մեկը կատարում է պտույտը 139 օրում, մյուսը՝ 232 օրում։ «Սուպերփքված» մոլորակները հազվագյուտ են համարվում տիեզերքում և, ենթադրաբար, ձևավորվում են նորաստեղծ աստղերի շուրջ գազի և փոշու սկավառակում, որտեղ ավելի շատ գազ կա, քան փոշի։

Share This Article