Վայքի մարզադպրոցում Ucom-ի օգնությամբ նոր արևային կայան է տեղադրվել

1 Min Read

Aravot — Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» բնապահպանական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում 15 կՎտ հզորությամբ նոր արևային կայան է տեղադրել։ Նախկինում գործող 5 կՎտ հզորությամբ կայանը չէր բավականացնում հաստատության ջեռուցման և օդափոխության համար, մինչդեռ նոր համակարգը թույլ կտա մարզադպրոցին իր էներգետիկ կարիքները գրեթե ամբողջությամբ հոգալ սեփական արտադրության հաշվին։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ կանաչ տեխնոլոգիաների ներդրումը ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանն է միտված, այլև ունի հստակ սոցիալական նշանակություն։ Երբ մարզադպրոցը նվազեցնում է էներգետիկ ծախսերը, խնայված միջոցները հնարավոր է դառնում ուղղել երեխաների համար պայմանների բարելավմանը, ինչը ցույց է տալիս ընկերության՝ մարդկանց և համայնքների համար արժեք ստեղծելու մոտեցումը։

Ներկայումս մարզադպրոց է հաճախում ավելի քան 430 երեխա, որոնք զբաղվում են ֆուտբոլով, վոլեյբոլով, բասկետբոլով, քիքբոքսինգով, կարատեով, ծանրամարտով ու սեղանի թենիսով, ինչպես նաև հաճախակի մասնակցում են շախմատային մրցաշարերի։ «Արևորդի» ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը ընդգծել է, որ ապակենտրոնացված արևային էներգիայի արտադրությունը նպաստում է ածխածնային հետքի նվազեցմանը, բարձրացնում էներգետիկ անվտանգությունն ու ազատում է ռեսուրսներ համայնքի առաջնահերթ կարիքների համար։

Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցությունը շարունակվում է արդեն չորս տարի, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում ու համայնքային կառույցներում տեղադրվել է արդեն 18 արևային կայան։ Այս նախաձեռնությունը նպաստում է ոչ միայն էներգետիկ ինքնաբավությանը, այլև ծախսերի արդյունավետ կառավարմանն ու բնապահպանական կայունությանը։

Share This Article