ՆԱՏՕ-ի կործանիչը խոցել է անօդաչու սարք Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռու

2 Min Read

News.am — Ուրբաթ առավոտյան Ռումինիայում օդ են բարձրացել ՆԱՏՕ-ի մարտական ինքնաթիռները՝ երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքը որսալու համար: Գործողությանը մասնակցել են Իտալիայի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter Typhoon և Ռումինիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ: F-16-երից մեկը «օդ-օդ» դասի հրթիռ է արձակել անօդաչուի ուղղությամբ՝ Բուխարեստից մոտ 80 կմ հեռավորության վրա գտնվող Պադինա կոմունայի ամայի տարածքի վրա: Սա առաջին նման դեպքն է ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայում:

Անօդաչու սարքը ռադարներն արձանագրել են առավոտյան 9:40-ի սահմաններում՝ Սև ծովի վրա, որից հետո այն շարժվել է դեպի արևմուտք՝ Սուլինա և Բուզեու քաղաքների ուղղությամբ: Խոցումից հետո բեկորներն ընկել են ցորենի արտի վրա, սակայն վնաս չեն պատճառել: Ռումինիայի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Գեորգիցե Վլադը հայտարարել է, որ բեկորների նախնական զննումը ցույց է տվել, որ դա «Շահեդ» է եղել, սակայն ապարատի պատկանելիության վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղ է:

Նախագահ Նիկուշոր Դանը նշել է, որ տարածքն ամայի է եղել, ուստի օդաչուն կարողացել է կրակել առանց ռիսկի, և ներկայումս մասնագետները ուսումնասիրում են հատվածը՝ միջադեպի մանրամասները պարզելու համար: Ռումինիան, որն ունի 650 կմ ցամաքային սահման Ուկրաինայի հետ, ավելի վաղ մի քանի անգամ բախվել է ռուսական անօդաչուների կողմից իր օդային տարածքի խախտումներին: Մայիսին նման սարքերից մեկը, որն ուղևորվում էր Ուկրաինայի ուղղությամբ, բախվել էր ռումինական Գալաց քաղաքի բազմաբնակարան շենքին, ինչի հետևանքով տարհանվել էր մոտ 70 բնակիչ, և երկու մարդ ստացել էր թեթև վնասվածքներ:

Share This Article