Aravot — Բաքվում այսօր մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը, և Հայաստանն այստեղ ներկայացված է բոլոր քաշային կարգերում: Մրցումների առաջին օրը պայքարը կանցկացնեն 48, 55, 65, 80 ու 110 կգ քաշային պատանիները: Երեկ կայացած վիճակահանությամբ արդեն պարզ են դարձել մեր մարզիկների առաջին մրցակիցները:
48 կգ քաշային կարգում Արարատ Ավետիսյանը 1/8 եզրափակչում կհանդիպի մեքսիկացի Հեկտոր Ռոդրիգեսի հետ: Իսկ 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանի մրցակիցը որակավորման փուլում ուկրաինացի Իլյա Վանժուլն է:
65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը նույնպես պայքարը կսկսի որակավորման փուլից, և նրա առաջին մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Արմին Ալի Մոհամմադը: 80 կգ քաշային Վահե Հովեյանը որակավորման փուլում կգոտեմարտի վրաստանցի Լուկա Բագլիշվիլու հետ:
Իսկ 110 կգ քաշային Խաչիկ Խաչատրյանը 1/8 եզրափակչում կսպասի Ռումինիայի ու Լատվիայի ըմբիշների միջև հաղթողին:

