Factor — Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրը, որը փակ էր մնացել ԲՀԿ առաջնորդի ձերբակալությունից հետո, վաղը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Համալիրը, որը շուրջ 24 օր դռները փակ էր պահել հաճախորդների առաջ, վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ից, կրկին պատրաստ կլինի ընդունել այցելուներին։
Արդեն չորս օր է՝ կառույցի տարածքում ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Երևանի քաղաքապետարանի մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ բացել են կապարակնքված դռները և զբաղվում են ներսի մաքրությամբ, ինչպես նաև մարզասարքերի ու անհրաժեշտ տեխնիկայի թարմացմամբ։
Համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը հայտնեց, որ վերաբացման վերաբերյալ պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել, իսկ տեղեկությունն իմացել է անձամբ աշխատակիցներից։ Նա զարմանք հայտնեց իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ քննչական գործողությունները դեռ ընթացքի մեջ են, և գույքի տնօրինման վերաբերյալ որևէ օրինական որոշում առայժմ չկա։ Փիրոյանի խոսքով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները պարզապես տեղեկացրել են, որ նշանակվել է ժամանակավոր կառավարիչ, և իրենք իրավունք ունեն օգտագործելու գույքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին իրականացված խուզարկություններից հետո համալիրը փակվել էր, իսկ մուտքերը՝ կապարակնքվել ոստիկանական ժապավեններով։ Ավելի ուշ ՊԵԿ-ը հայտարարեց շուրջ 2,6 միլիարդ դրամի չափով թաքցված շրջանառություն բացահայտելու մասին։

