Գիտնականները պարզել են. արագ քայլքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը

1 Min Read

80 տարեկանից հետո քայլքի արագությունը պահպանող տարեցները շատ ավելի քիչ են հակված ճանաչողական կարողությունների անկման: Այս հետաքրքիր եզրահանգմանն են եկել մասնագետները, որոնք վերլուծել են 80 տարեկանից բարձր մոտ 4000 մարդկանց տվյալները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։

Գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են այն տարեցների վրա, որոնք տարիքի հետ պահպանել են բարձր շարժունակություն: Նրանց նույնիսկ անվանել են «սուպերշարժուն»: Այս խմբում ընդգրկել են այն մասնակիցներին, որոնց քայլքի արագությունն իրենց տարիքի և սեռի համար միջին ցուցանիշից առնվազն 1.5 ստանդարտ շեղումով բարձր է եղել:

Հետագա դիտարկումները ցույց են տվել, որ այս խումբն ուներ ճանաչողական կարողությունների անկման 51%-ով ցածր ռիսկ, քան մնացած մասնակիցները: Բացի այդ, մասնագետները հստակ կապ են գտել քայլքի բարձր արագության և ուղեղի ընդհանուր առողջության բարելավման միջև:

Ֆիզիկական ակտիվության և ուղեղի աշխատանքի միջև կապը նորություն չէ, սակայն 80-ն անց մարդկանց շրջանում արձանագրված 51%-անոց տարբերությունն իսկապես տպավորիչ ցուցանիշ է: Սա ցույց է տալիս, որ շարժունակությունը միայն մկանների կամ հոդերի առողջության հարց չէ, այլ ուղղակիորեն արտացոլում է նյարդային համակարգի ընդհանուր վիճակը:

Փաստորեն, քայլքի արագությունը տարեց հասակում կարող է ծառայել որպես յուրօրինակ ցուցիչ՝ ճանաչողական ֆունկցիաների հնարավոր անկումը վաղ փուլերում նկատելու համար: Հետագա հետազոտությունները թերևս ցույց կտան, թե արդյոք հատուկ մշակված քայլքի վարժությունները կարող են դառնալ կանխարգելիչ թերապիայի մաս:

Share This Article