Արհեստական բանականության համակարգերն ապահովող տվյալների կենտրոնները մինչև 2030 թվականը տարեկան կարող են ծախսել շուրջ 945 տերավատտ-ժամ էլեկտրաէներգիա։ Սա գրեթե 3 անգամ գերազանցում է Պակիuտանի, Բանգլադեշի և Նիգերիայի տարեկան ընդհանուր էներգասպառումը, որտեղ միասին ապրում է ավելի քան 650 միլիոն մարդ։
ՄԱԿ-ի Համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սա խնդրի միայն տեսանելի մասն է։ Էլեկտրաէներգիայից բացի, տվյալների կենտրոնների սառեցման և էներգիայի արտադրության համար ծախսվում են ջրային ու հողային հսկայական ռեսուրսներ։ Տասնամյակի վերջում ԱՐՀ-ի հետ կապված ջրի սպառումը կարող է հավասարվել 1.3 միլիարդ մարդու տարեկան կենցաղային պահանջարկին։ Իսկ զբաղեցրած հողատարածքի մակերեսը կարող է գերազանցել 14,500 քառակուսի կիլոմետրը, ինչը մոտ երկու անգամ մեծ է Ջակարտայի ագլոմերացիայից։
Զեկույցում նշվում է, որ ներկայումս հիմնականում հաշվի է առնվում ջերմոցային գազերի արտանետումը, սակայն անտեսվում են բնապահպանական այլ վնասները։ «Կանաչ» համարվող որոշ լուծումներ, օրինակ՝ վերականգնվող էներգիայի անցնելը, կարող են կրճատել ածխածնի արտանետումները, բայց միևնույն ժամանակ կտրուկ ավելացնել ջրի ու հողի օգտագործումը:
Հասարակական քննարկումները հիմնականում կենտրոնանում են ԱՐՀ մոդելների վարժեցման վրա։ Սակայն իրականում օրական ընթացիկ օգտագործմանն է բաժին ընկնում էներգիայի ընդհանուր պահանջարկի 80-ից 90 տոկոսը։ Օրինակ՝ տարածված ծառայություններից մեկն օրական մշակում է մոտ 2.5 միլիարդ հարցում։ ԱՐՀ-ով մեկ պատկեր ստանալը պահանջում է հազար անգամ ավելի շատ էներգիա, քան սովորական տեքստի մշակումը, իսկ տեսանյութերի գեներացումն ավելի ռեսուրսատար է։
Բնապահպանական բեռը հավասարաչափ չի բաշխվում։ Տեխնոլոգիայի օգուտները գլոբալ են, իսկ ծախսերը կենտրոնանում են որոշակի տարածաշրջաններում։ Որոշ երկրներում տվյալների կենտրոններն արդեն սպառում են ազգային էլեկտրաէներգիայի զգալի մասը, իսկ մյուսներում ծանրաբեռնում են ջրային ռեսուրսները երաշտի պայմաններում։ Մինչև 2030 թվականը տարեկան կարող է գոյանալ մինչև 2.5 միլիոն տոննա էլեկտրոնային թափոն, որի հեռացման բեռն ընկնելու է հիմնականում ցածր եկամուտ ունեցող երկրների վրա։
Բացի այդ, ԱՐՀ-ի մասնագիտացված հաշվողական հզորությունների ավելի քան 90 տոկոսը կենտրոնացված է ընդամենը երկու երկրում՝ ԱՄՆ-ում և Չինաստանում, մինչդեռ 150-ից ավելի պետություններ չունեն սեփական ենթակառուցվածքները։ Հետազոտողները ընդգծում են, որ սա տեխնոլոգիայի դեմ արշավ չէ, այլ կոչ՝ ապահովելու դրա զարգացումը մոլորակի հնարավորությունների սահմաններում։
Արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնումը ցույց է տալիս, որ թվային առաջընթացն ունի շատ կոնկրետ ու նյութական գին։ Երբ խոսվում է տեխնոլոգիական հեղափոխության մասին, հաճախ անտեսվում է դրա ազդեցությունը բնական ռեսուրսների վրա, ինչը հատկապես սուր է դառնում ջրի և էներգիայի դեֆիցիտ ունեցող տարածաշրջաններում։
Հատկանշական է, որ ռեսուրսների սպառման հիմնական մասը բաժին է ընկնում ոչ թե մոդելների ստեղծմանը, այլ մեր ամենօրյա օգտագործմանը։ Սա նշանակում է, որ ԱԲ գործիքների մասսայականացումն ու ամենօրյա կիրառումն ուղղակիորեն մեծացնում են էկոլոգիական ճնշումը։
Առաջիկա տարիներին պետությունների և տեխնոլոգիական հսկաների համար առաջնահերթություն է դառնալու այս ենթակառուցվածքների կարգավորումը։ Առանց հստակ չափորոշիչների ու ռեսուրսների արդյունավետ պլանավորման՝ տեխնոլոգիական թռիչքը կարող է խորացնել տարածաշրջանային ու սոցիալական անհավասարությունը։

