Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են սեզոնի ընթացքում արդեն հինգերորդ շոգի ալիքին, որը համալրում է դեռ մայիսից Եվրոպան պատած ծայրահեղ ջերմաստիճանների շարքը։
Météo-France-ը նախազգուշացնում է, որ երեքշաբթիից երկրի հարավ-արևելքում օդի ջերմաստիճանը կմոտենա 40°C-ի։ Նույն օրվանից Անգլիայի տարածքի մեծ մասում գործում է եղանակային վտանգի դեղին-նարնջագույն մակարդակ, քանի որ ջերմաչափի սնդիկը կարող է բարձրանալ մինչև 36°C։
Բարձր ճնշման կայուն գոտիները պահել են շոգը Արևմտյան Եվրոպայի վրա, իսկ ծայրահեղ ջերմաստիճաններն ուժեղացրել են լայնածավալ երաշտը։ Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կլիմայական ռազմավարության բաժնի ղեկավար Սամանթա Բերջեսը պարզաբանել է, որ հողերի չորանալուն զուգընթաց դրանք կորցնում են բնական սառեցման ունակությունը, ինչն էլ թույլ է տալիս, որ շոգն ավելի արագ կուտակվի։
Դեռ մայիսին սկսված շոգը հրահրել է անտառային հրդեհներ, երկարատև երաշտ և ջերմաստիճանային նոր ռեկորդներ։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում պատմական հրդեհի պատճառով տարհանվել է 220 000 մարդ, իսկ այժմ Անգլիայի կեսը և ամբողջ Ուելսը տուժում են երաշտից։
Ֆրանսիայի հանրային առողջապահության գործակալության տվյալներով՝ միայն հունիսին երկրում գրանցվել է առնվազն 5 700-ով ավելի մահ, քան սովորական ցուցանիշն է։ Եվրոպայում մայիսյան վաղ շոգի ալիքը նույնպես կարող էր ավելի քան 10 000 մարդու մահվան պատճառ դառնալ։
Հունիսի 23-ին Ֆրանսիայում գրանցվել է դիտարկումների պատմության ամենաշոգ օրը՝ հասնելով մինչև 44,3°C-ի։ Հունիս-հուլիսին Արևմտյան Եվրոպայում միջին ջերմաստիճանը հասել է 21,62°C-ի՝ գերազանցելով 2022 թվականի ռեկորդը։ Copernicus-ի տվյալներով՝ հուլիսին բևեռային գոտիներից դուրս ջրի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է ռեկորդային 20,96°C-ի։
Եվրոպայում արձանագրվող ջերմաստիճանային ռեկորդներն ու դրանց հետևանքով առաջացած երաշտը ցույց են տալիս, որ կլիմայական փոփոխությունները վերածվում են ամենօրյա տնտեսական ու առողջապահական մարտահրավերի։ Տասնյակ հազարավոր լրացուցիչ մահերը և լայնածավալ տարհանումները ստիպում են եվրոպական կառավարություններին վերանայել ենթակառուցվածքների հարմարեցման ռազմավարությունը։
Ակնհայտ է, որ բնական սառեցման մեխանիզմների խաթարումը միայն արագացնում է շոգի կուտակումը՝ ստեղծելով փակ շղթա։ Հաջորդ ամիսներին առանցքային է լինելու այն, թե որքանով էներգետիկ և ջրային համակարգերը կդիմանան նմանատիպ ծայրահեղ ծանրաբեռնվածությանը։

