ՀՀ ընտրական կայքը հաքերային հարձակման թիրախում. ՆԳՆ-ն արձագանքում է լուրերին

2 Min Read

APT73 հաքերային խմբավորումը հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարության ընտրողների տվյալների բազայի՝ elections.mia.gov.am կայքի վրա հարձակման մասին։ Ըստ հայտարարության՝ չարագործների թիրախում են հայտնվել քաղաքացիների անձնական տվյալները, այդ թվում՝ անունը, ծննդյան ամսաթիվը և գրանցման հասցեն։ Հարձակման մասին տեղեկությունը տարածվել է տվյալների արտահոսքերը մշտադիտարկող Breach House հարթակում՝ հունիսի 2-ին՝ ԱԺ ընտրություններին ընդառաջ։

Կիբերանվտանգության ոլորտի մասնագետները նշում են, որ APT73-ը կարող է կապ ունենալ «Wolves of Turan» խմբավորման հետ։ Ենթադրվում է, որ խմբերը կարող են փոխանակվել տվյալներով կամ համագործակցել ռանսոմվերային հարձակումների ժամանակ, երբ չարագործները գաղտնագրում են ռեսուրսներն ու դրանց դիմաց փրկագին պահանջում։

Ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքում է այս պնդումները։ Նախարարությունից հայտնում են, որ ոստիկանությունը կայքի խափանման կամ տվյալների արտահոսքի որևէ դեպք չի արձանագրել։ Breach House-ն իր հերթին հստակեցնում է, որ իրենք միայն արձանագրել են հաքերների հայտարարությունը, սակայն հարձակման իրական լինելը դեռևս հաստատված չէ։ Տվյալների մշտադիտարկման նման հարթակները սովորաբար հավաքագրում են հաքերային ֆորումների և Telegram-ալիքների տեղեկությունները՝ կազմակերպություններին հնարավոր վտանգների մասին նախազգուշացնելու համար։

Հաքերային խմբավորումների այս տեսակ հայտարարությունները հաճախ ծառայում են ոչ միայն իրական տվյալներ գողանալու, այլև ապատեղեկատվության միջոցով լարվածություն առաջացնելու նպատակին։ Հատկապես ընտրական գործընթացների ժամանակ նման լուրերի տարածումը կարող է ուղղակիորեն ազդել հանրային վստահության վրա։

Կարևոր է հասկանալ, որ պետական կայքերի անվտանգությունը մշտապես գտնվում է նման հարձակումների ռիսկի տակ։ Առայժմ առկա փաստերը հիմք չեն տալիս հաստատելու կայքի կոտրված լինելու մասին լուրը, սակայն դեպքերի հետագա ընթացքին հետևելը հնարավորություն կտա հասկանալ, թե արդյոք սա եղել է թիրախային գրոհ, թե ընդամենը հերթական սպառնալիքը։

Share This Article