Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական ուժերի կողմից գրավված տարածքներ և այնտեղից հանդես եկել կտրուկ հայտարարություններով, որոնք անկասկած ավելի են սրելու տարածաշրջանում արդեն իսկ բավականին լարված իրավիճակը։
Նա հստակ մարտահրավեր է նետել Սիրիայի նախագահ Ահմեդ Շարային՝ միաժամանակ թիրախավորելով նաև Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը, որը, Կացի համոզմամբ, ուղղակի վտանգ է ներկայացնում Իսրայելի ազգային անվտանգությանը։
Իսրայելի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իր երկիրը ոչ մի դեպքում չի լքելու Հերմոն լեռը և մյուս գրավված դիրքերը, քանի որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն սահմանների պաշտպանության համար։
Կացը հատուկ անդրադարձել է Թուրքիային՝ պնդելով, որ Սիրիայի տարածքում իր ազդեցությունն ամրապնդելու անկարայի փորձերն ուղղակիորեն սպառնում են Իսրայելի շահերին, և իրենք անտարբեր չեն մնալու այդ գործընթացի նկատմամբ։
Թուրքական լրատվամիջոցներն արդեն արձագանքել են այս հայտարարություններին՝ դրանք որակելով որպես ամբարտավան և ուղղակիորեն Թուրքիային թիրախավորող քայլ։
Այս հայտարարություններն առանձնապես անսպասելի չեն, սակայն կարևոր է դրանք դիտարկել տարածաշրջանում ուժերի նոր դասավորվածության համատեքստում։ Իսրայելն ակնհայտորեն փորձում է ազդանշան ուղարկել թե՛ Դամասկոսին, թե՛ Անկարային՝ ցույց տալով, որ պատրաստ է կոշտ արձագանքել իր ազդեցության գոտի համարող տարածքում ցանկացած մրցակցության։
Միևնույն ժամանակ Թուրքիայի համար Սիրիայի հյուսիսում իր ռազմական ներկայությունը պահելը շահագույն հարց է, ուստի Կացի հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, պատասխան կստանան։ Հարցն այն է, թե արդյոք այս փոխադարձ սպառնալիքները կմնան հռետորաբանության մակարդակում, թե կհանգեցնեն ռազմական բախումների, ինչն անկայուն կդարձնի արդեն իսկ ցնցված տարածաշրջանը։

