Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը

2 Min Read

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և հայտարարվել է հետախուզում։ Այս մասին «1Lurer.am»-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։

Օրեր առաջ ՔԿ-ն հայտնել էր, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով փաստեր են ձեռք բերվել։ Ըստ այդմ՝ 2009-2016 թվականներին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ն, անձնական և խմբային շահերից ելնելով, համագործակցել է ՊԵԿ նախկին նախագահ, ապա Ֆինանսների նախարար Գ.Խ.-ի և վերջինիս որդու՝ Ա.Խ.-ի հետ։

Նրանց օժանդակել են «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վ.Ս.-ն, ռեկտոր Գ.Գ.-ն, պրոռեկտոր Ա.Ա.-ն և նրանց հետ փոխկապակցված Հ.Թ.-ն։ Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ բուհին հատկացված Երևանի Պուշկինի փողոցի 38/1 հասցեի 208,9 միլիոն դրամ արժեքով (451.1 քմ) անշարժ գույքն ու հողամասը դուրս են բերվել պետական սեփականությունից։ Դրանք ոչ ուսումնական նպատակներով փոխանցվել են բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մերձավորի սեփականությանը, ինչի հետևանքով բուհը զրկվել է իր գույքն օգտագործելու հնարավորությունից։

Դրանից հետո, Ա.Խ.-ն և Գ.Խ.-ն, թաքցնելու համար գույքի հանցավոր ծագումն ու իրական պատկանելիությունը, նախնական համաձայնությամբ այն ձևակերպել են Հ.Թ.-ի անունով։ Այնուհետև, իբրև բարեխիղճ ձեռքբերող հանդես գալու նպատակով, 75 միլիոն դրամով գնել են նշված գույքը և գրանցել Ա.Խ.-ի անվամբ։


Պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դրան օժանդակելու և խմբակային փողերի լվացման համար քրեական հետապնդում է հարուցվել նշված 7 անձանց նկատմամբ։ Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին ձերբակալելու և դատարան ներկայացնելու մասին։

Share This Article