Հայաստանի Գլխավոր դատախազությունը հրապարակել է տվյալներ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի ընտրությունների մեկնարկից հետո գրանցված ընտրական հանցագործությունների վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ մինչ օրս 60 անձի մասով հարուցված 17 քրեական վարույթ, որոնց մեղադրական եզրակացությունները հաստատվել են, ուղարկվել է դատարան՝ քննության։ Նշված գործերից 12-ը, որոնցում ընդգրկված է 51 անձ, դատարան են փոխանցվել Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազների կողմից։

