Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում երկրները համաձայնել են նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի և նավթի ոլորտների դեմ։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների եզրափակիչ հայտարարության մեջ (DW):
Փաստաթղթում նշվում է, որ G7-ը պարտավորվում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա՝ ուժեղացնելով պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտներում։ Նոր պատժամիջոցների համար հիմա «հարմար պահն» է, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ համաձայնագրի է եկել Հորմուզի նեղուցը բացելու շուրջ։ Այդ նեղուցով են անցնում նավթի և գազի մեծ ծավալներ։
G7 երկրները հայտարարել են Ուկրաինային իրենց անսասան աջակցության մասին, որը պաշտպանում է իր ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Առաջնորդները վերահաստատել են համերաշխությունը Ուկրաինայի ժողովրդի հետ, որը տառապում է ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության վրա հարձակումներից։ Նրանք գնահատել են Ուկրաինայի դիմադրողականությունը և մարտադաշտում ձեռք բերված հաջողությունները՝ նշելով նոր դինամիկա։
Այս դինամիկան ամրապնդելու համար համաձայնվել է ավելացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների և այլ զենքի մատակարարումները։ Խոստացել են նաև դիտարկել Ուկրաինայի տարածքում ռազմական արտադրության ծավալը մեծացնելու համար լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը։ Բացի այդ, G7-ը կշարունակի աջակցել Ուկրաինային էներգետիկայի ոլորտում՝ օգնելու երկրին գոյատևել առաջիկա ձմռանը։
G7-ի կազմում են Գերմանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան։

