Հունիսի 26-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀԲԸՄ-ի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Նրանց ուղեկցում էր ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը։
Հանդիպմանը Վազգեն Յակուբյանը տեղեկություններ ներկայացրեց ծրագրերի մասին՝ կարևորելով դրանց դերը սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնագիտակցության և հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում։
Կաթողիկոսը, օրհնելով երիտասարդներին, նշեց, որ ՀԲԸՄ-ն իր կառույցներով համախմբում է հայորդիներին։ Կազմակերպությունը կրթական, մշակութային և երիտասարդական ծրագրեր է իրականացնում՝ սերտորեն համագործակցելով Հայոց Եկեղեցու հետ։
Նորին Սրբությունը բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի կրթադաստիարակչական նախաձեռնությունները, որոնց շնորհիվ սփյուռքահայ երիտասարդները ճանաչում են հայրենիքը, նրա պատմությունը և մշակութային ժառանգությունը։ Այս առնչությամբ նա նշեց, որ հայրենաճանաչությունը կարևոր է ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հանդեպ սիրո զորացման համար։
Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը կամրապնդեն երիտասարդների ազգային ոգին ու գիտակցությունը։ Ձեռք բերված գիտելիքներն ու փորձառությունը կծառայեցվեն իրենց համայնքների շենացմանն ու հայրենիքի բարօրությանը։

