ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակում հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ պետական քարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ։ Քննարկվել են հայ-խորվաթական համագործակցությունը, Հայաստան-ԵՄ գործընկերությունը, տարածաշրջանային խաղաղությունը և 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին վերաբերող հարցեր։
Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափի հաստատումը մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես նաև համագործակցության ակտիվացումը բազմաթիվ ոլորտներում։ Խորվաթական կողմը վերահաստատել է իր աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը և ռազմավարական օրակարգի ծրագրերի իրականացմանը։
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը և պահպանել բարձրաստիճան փոխադարձ շփումների դինամիկան։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մանրամասները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը։

