«Արևմտյան Ադրբեջան» եզրը դարձել է թուրք-ադրբեջանական դաշինքի ռևիզիոնիստական դոկտրինի հենասյունը։ Դրանով փորձ է արվում ոչ միայն վերաձևել տարածաշրջանի քարտեզը, այլև հարվածել հայկական պետականությանը։ Սա պետական մակարդակով մշակվող քաղաքական նախագիծ է, որի նպատակն է կազմաքանդել հայկական պետականության գաղափարական հիմքերը, իմաստազրկել ինքնիշխանությունը և կասկածի տակ դնել հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում պետականորեն կազմակերպված գոյության իրավաչափությունը։
«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը թուրք-ադրբեջանական սերտ ռազմավարական համագործակցության շրջանակներում մշակվող աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման ռազմավարության մաս է։ Այս ռազմավարության համաձայն՝ Հայաստանը խոչընդոտում է Բոսֆորի ափերից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող միասնական աշխարհառազմավարական տարածքի ձևավորմանը։ Հետևաբար, Հայաստանի նկատմամբ ճնշումները բխում են խորքային և հեռահար աշխարհաքաղաքական հաշվարկներից, որոնցում հայկական պետականության դիմադրողականության թուլացումը դիտարկվում է որպես ռազմավարական անհրաժեշտություն։
«Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը ձեռք է բերում առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Եթե նախկինում հակահայկական քաղաքականության առանցքն Արցախի հարցն էր, ապա այսօր նույն գործառույթը փոխանցվում է «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգին։ Դրա տրամաբանության շրջանակներում Հայաստանը ներկայացվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես վիճարկելի պատմաքաղաքական տարածք՝ նոր պահանջներ ձևակերպելու և մշտական ճնշման գործիքներ ստեղծելու համար։ Սա անմիջական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, ինքնիշխանությանը և պետական կենսունակությանը։

