Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումարներ, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 3-ին մասնակիորեն բավարարել է Գլխավոր դատախազության հայցն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը և մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ։ Նույն հասցեում գտնվող մեկ այլ ավտոկայանատեղիի 38%-ը նույնպես կբռնագանձվի։
Բացի այդ, բռնագանձման ենթակա են բանկում ներդրված ընդհանուր՝ 202 մլն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 մլն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները։ Բռնագանձման ենթակա է նաև 352 մլն 438 հազար դրամ։

