Կառավարությունն Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 3 միլիարդ 140 միլիոն դրամ՝ արտահանման աջակցության ծրագրերի շրջանակում հունիս ամսվա ընթացքում առաջացած պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին Կառավարության նիստում զեկուցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ Կառավարությունը հունիսի սկզբին ընդունել էր աջակցության ծրագիր՝ շուկաների դիվերսիֆիկացման նպատակով։ Այդ ծրագրով ֆինանսական աջակցություն է տրամադրվում հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, թարմ պտուղ, սննդամթերքի և խմիչքի առանձին տեսակներ արտահանողներին։
Որոշման նպատակն է կատարել հունիս ամսվա ընթացքում ծրագրերի արդյունքում արտահանողների նկատմամբ առաջացած պարտավորությունները։ «Իրենք արտահանել են, մենք իրենց պետք է ֆինանսական աջակցությունը այժմ տրամադրենք։ Միջոցառման իրականացման համար հունիս ամսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել, ընդհանուր առմամբ, 3 միլիարդ 140 միլիոն դրամ»,- ընդգծել է նախարարը։
Գումարը նախատեսված է երկու միջոցառումների համար։ Ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության համար կհատկացվի 605 միլիոն 283 հազար դրամ։ Թարմ պտղի, սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակների արտահանման աջակցության համար կտրամադրվի 2 միլիարդ 535 միլիոն 150 հազար դրամ։
Հունիսին ջերմատնային արտադրության աջակցության շրջանակում արտահանվել է մոտ 208 տոննա լոլիկ, 784 տոննա պղպեղ, 109 տոննա ելակ և 4 միլիոն 69 հազար հատ ծաղիկ։
Երկրորդ միջոցառման շրջանակում արտահանվել է մոտ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, 1 տոննա սալոր, 1.5 միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի և 1.3 միլիոն լիտր շշալցված հայկական բրենդի՝ 100 տոկոս սպիրտի հաշվարկով։
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել արտահանված պտղի, բանջարեղենի, ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի գինու և հայկական բրենդիի կամ կոնյակի համար փոխհատուցման ենթակա ծախսերը։

