ԱՄՆ-ն հարվածել է Իրանին, Իրանը՝ Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին

1 Min Read

Ամերիկյան զինուժը հուլիսի 9-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ խոցվել են տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր, հրթիռների ու անօդաչուների պահեստներ, ինչպես նաև՝ ռազմածովային օբյեկտներ ու լոգիստիկ ենթակառուցվածքներ։

Ամերիկյան կողմը պնդում է, որ հարվածները պետք է թուլացնեն Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակման՝ Իրանի կարողությունները։ CENTCOM-ը հայտարարել է հարվածների երկրորդ փուլի մասին։

CNN-ը, հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ վերջին երկու օրերին ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 14 խաղաղ բնակիչ, ևս 78-ը՝ վիրավորվել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան ամերիկյան հարվածների՝ հարձակման են ենթարկվել Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան։ Գիշերը Կատարում միացել է օդային տագնապի ազդանշանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարը «ավարտվել է»։ «Ես այլևս չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ»,- նշել էր Թրամփը։

Share This Article