Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի աշխատանքը

1 Min Read

Armtimes — Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում, որը պատկանում է «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը, և արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի լուրջ խախտումներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված ու մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում:

Պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, իսկ առաստաղներն ու տանիքների ներքին կառուցվածքները ապահով չեն եղել. չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու մասնիկների թափվելու հնարավորությունը:

Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում: Արդյունքում՝ արտադրամասի գործունեությունը կասեցվել է, իսկ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ու արտադրամասը համապատասխանեցնել պահանջներին: Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Share This Article