«Գյոռմամիշից» մինչև «հորթ». խորհրդարանական բանավեճը՝ բարեկրթության սահմանագծին

2 Min Read

Նորընտիր խորհրդարանում քաղաքական բանավեճերը հաճախ դուրս են գալիս բարեկրթության սահմաններից՝ ուղեկցվելով վիրավորական արտահայտություններով։ Չնայած անդրանիկ նիստին հնչած կոչերին՝ լինել կառուցողական ու պահպանել էթիկան, պատգամավորների միջև լարվածությունը չի նվազում։ Օրերս ԱԺ նախագահող Ռուբեն Ռուբինյանը անջատել էր ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսափողը՝ լռության պատճառով։

Ղազարյանը պնդում է, որ խորհրդարանում առկա է ընտրովի վերաբերմունք։ Նրա խոսքով՝ իշխանությունը խախտում է իրավաչափության սահմանները, երբ սկսում է խմբագրել պատգամավորի խոսքը։ Միաժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նկատում է, որ կառուցողական քննարկումներ չկան, քանի որ իշխանությունը շարունակում է կենտրոնանալ անցյալի իրադարձությունների վրա։ Ըստ Քոչարյանի՝ բարեկիրթ լինելը դժվար է, երբ քաղաքական հակառակորդները ֆեյսբուքում սուտ են տարածում ու լկտիություն դրսևորում։

Իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանը վստահեցնում է, որ ՔՊ-ն կողմ է բարեկիրթ բանավեճին, սակայն շեշտում է, որ դա չի կարող միակողմանի լինել։ Նրա կարծիքով՝ պատասխանը լինելու է համարժեք։ «Ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսին լինելու է իշխանությունից»,- նշեց նա՝ հավելելով, որ իշխանական թևը պասիվ սպասողի դերում չի լինի։

Այսօր նիստի ընթացքում լարվածությունը կրկին զգացվում էր հենց Չախոյանի ելույթի ժամանակ։ Պատգամավորները մեղադրում են միմյանց սուբյեկտիվության մեջ՝ վկայակոչելով նախորդ գումարման ընթացքում տեղի ունեցած միջադեպերը։ Քաղաքական ուժերի մոտ «զրոյական կետից» սկսելու հարցում պատկերացումները մնում են հակասական։

Խորհրդարանում ծավալվող այս խոսակցությունները ցույց են տալիս, որ քաղաքական ուժերը դեռևս չեն գտել ընդհանուր եզրեր՝ նախորդ տարիների լարվածությունը հաղթահարելու համար։ Երբ բանավեճը տեղափոխվում է անձնական վիրավորանքների տիրույթ, հարց է առաջանում՝ արդյո՞ք կա քաղաքական կամք՝ հրաժարվելու դիմացինին հակահարված տալու «աչքն աչքի» տրամաբանությունից։

Հետագա նիստերի ընթացքում է պարզվելու, թե արդյոք նորընտիր պատգամավորներին կհաջողվի զսպել էմոցիաները, թե՞ բանավեճը կրկին կվերածվի ֆիզիկական բախումների ու սկանդալների, ինչը, բնականաբար, խաթարում է օրենսդրական աշխատանքի բնականոն ընթացքը։

Share This Article