Երևանում առաջին անգամ անցկացվեց TrustConf2026 by imID թվային վստահության համաժողովը

2 Min Read

Երևանում առաջին անգամ կայացավ TrustConf2026 by imID-ն՝ թվային վստահությանը նվիրված ամենամյա համաժողովը։ Այն մեկ հարթակում համախմբեց պետական և մասնավոր հատվածների, ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտների, տեխնոլոգիական համայնքի, բիզնեսի ու միջազգային փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին։

TrustConf-ը ստեղծվել է որպես Հայաստանի թվային վստահության էկոհամակարգի ամենամյա հարթակ՝ ոլորտի առանցքային դերակատարներին մեկտեղելու և թվային վստահության զարգացման ընթացքը, գործնական կիրառությունն ու միջազգային փորձը քննարկելու նպատակով։ Համաժողովի մեկնարկը նշանավորեց նաև ոլորտի զարգացման նոր փուլ. արդեն ձևավորված փորձառությունը տեղափոխվեց ավելի լայն՝ ոլորտային հարթություն։

«Վստահությունն սկսվեց ենթակառուցվածքից։ Այս տարիների ընթացքում մենք ձևավորեցինք այն տեխնոլոգիական հիմքը, որի վրա այսօր արդեն զարգանում են imID-ի պրոդուկտներն ու ծառայությունները։ Այժմ անցնում ենք հաջորդ փուլին՝ նոր սերնդի imID app-ով, որտեղ մեր ստեղծած ենթակառուցվածքն ու վստահության ծառայությունները վերածվում են օգտատիրոջ համար պարզ և հասանելի փորձառության։ Նոր լուծում, նոր փորձառություն, բայց նույն վստահությունը, որի վրա կառուցվել է imID-ն», — նշեց imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։

Նոր սերնդի imID app-ն առանձնանում է վեց հիմնական առավելությամբ՝ բացառիկ անվտանգություն, զեղծարարության զսպման (anti-phishing) լուծումներ, EU eIDAS 2.0 համապատասխանություն, մարդակենտրոն ինտերֆեյս, խիստ վավերացված ինքնություն և լայն հասանելիություն։ Թվային վստահության զարգացումը, սակայն, չի սահմանափակվում տեխնոլոգիական լուծումներով. դրա լայն կիրառման համար առանցքային է պետություն–մասնավոր համագործակցությունը, որը հնարավորություն է տալիս տեխնոլոգիական լուծումները համադրել պետական թվային ենթակառուցվածքների և կարգավորող միջավայրի հետ։

TrustConf2026-ը Երևանի համար ոչ միայն առաջին նման համաժողովն էր, այլև հստակ ազդանշան, որ թվային վստահության թեման Հայաստանում անցել է զուտ տեխնոլոգիական քննարկումների փուլից ու դարձել է ոլորտային երկխոսության հարթակ՝ պետության, բիզնեսի և միջազգային փորձագետների մասնակցությամբ։

Հատկապես ուշագրավ է 2027 թվականի հայտարարությունը. Երևանը Trusted Economy Forum-ի ծրագրի մի մասը կհյուրընկալի TrustConf2027-ի շրջանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանը փորձում է ոչ միայն կիրառել եվրոպական չափանիշները, այլև դառնալ այդ չափանիշների շուրջ քննարկումների վայր։

Դեռևս բաց է մնում մի հարց. թե կոնկրետ ինչպես կկիրառվի «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակը առօրյա ծառայություններում և որքան արագ սովորական օգտատերը կզգա այդ փոփոխությունները։ Համաժողովը պատասխանեց «ինչ»-ին, սակայն «երբ»-ն առայժմ բաց է մնում։

Share This Article