Yandex-ի խափանումները ցույց տվեցին՝ ինչքանով է Հայաստանը կախված մեկ հարթակից

3 Min Read

Հանգստյան օրերին հայ օգտատերերը զգացին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Yandex-ի տվյալների կենտրոններին հասցրած հարվածների հետևանքները։ Ուղևորները ժամեր շարունակ չէին կարողանում տաքսի պատվիրել, ոմանց քարտերից հավելյալ գումարներ էին գանձվել, իսկ քարտերը համակարգից անջատել չէր լինում։

Վարորդները ևս խնդիրների էին բախվել․ չէին տեսնում քարտեզը, տեղեկություն չէին ստանում խցանումների մասին, չէին կարողանում ստանալ անկանխիկ վճարումներից իրենց հասանելիք գումարները։

Yandex Armenia-ի գործադիր տնօրեն Արամ Մխիթարյանը հստակ ժամկետներ չնշեց, բայց ասաց, որ վերականգնման աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով․ «Հիմնական գործառույթներն արդեն իսկ վերականգնված են, այս պահին հասանելի չեն երկրորդական և երրորդական գործառույթները, դրանց մի մասը մեր ներքին կարիքների համար են: Այս պահին գնում են մեր ռեսուրսների տեղաբաշխումներ այլ տվյալների կենտրոններում, և շատ մոտ ժամանակում կլինեն հասանելի բոլորին»։

Խափանումները նորից թարմացրին Հայաստանում պարբերաբար հնչող դժգոհությունները։ Շատերը նշում էին, որ ընկերությունը գերիշխող դիրք ունի շուկայում, և տեղական տաքսի ծառայությունները չեն կարողանում դիմանալ մրցակցությանը։ Մյուսները դժգոհում էին նաև հայկական ծառայություններից՝ մատնանշելով սպասարկման խնդիրներն ու կրկնակի գանձումների դեպքերը։

Հայկական խոշոր տաքսի ծառայություններից՝ GG-ից նույնպես դժգոհություններ կային։ Ընկերությունը Ֆեյսբուքում պաշտոնապես արձագանքում էր օգտատերերին՝ բացատրելով, որ համակարգն աշխատում է աննախադեպ գերբեռնվածությամբ։ Սակայն GG-ի սեփականատերն անպատասխան թողեց զանգերն ու հաղորդագրությունները։

Այս օրերին հնչում են առաջարկներ, որ Yandex-ը պետք է իր սերվերներն ունենա Հայաստանում՝ ծառայությունների կայունությունն ու տվյալների անվտանգությունն ապահովելու համար։ Մխիթարյանը, ով նաև Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավարն է, ասաց՝ առաջարկվող լուծումը չի վերացնում խնդիրները․ «Ապահովությունը տվյալների պահպանման տեղով չի որոշվում, այլ որոշվում է դրանց բաշխվածությամբ… Մենք նույնիսկ երեք տվյալների կենտրոն կորցնելու արդյունքում դեռ շարունակում ենք մեր աշխատանքը, որովհետև ունենք բազմաթիվ տվյալների կենտրոններ»։

Խափանումները մերկացրին մի բան, ինչի մասին Հայաստանում հաճախ խոսում են միայն ընդհանուր արտահայտություններով՝ մեկ հարթակից կախվածությունը վերածվել է առօրյա ենթակառուցվածքի։ Երբ տաքսին, առաքումը, քարտային վճարումները կապվում են միևնույն էկոհամակարգի հետ, ցանկացած արտաքին հարված սկսում են զգալ սովորական մարդիկ, ոչ թե միայն տեխնոլոգիական ընկերությունները։

Պաշտոնյաների ու ընկերության ներկայացուցիչների պատասխանները ցույց են տալիս, որ կարգավորող դաշտը դեռ հետ է մնում շուկայի իրականությունից։ Մինչ հանձնաժողովը վստահեցնում է, որ մրցակցային խնդիրներ չկան, մասնագետները խոսում են թվային տիրույթի կանոնների ու տվյալների մշակման հստակության բացակայության մասին։ Այս երկու դիրքորոշումների միջև է, որ առաջիկայում պետք է ձևավորվի պատասխանը՝ արդյոք Հայաստանը բավարարվելու է ռիսկերի կառավարմամբ, թե կփորձի նվազեցնել դրանք։

Share This Article