12 քրեակատարողական հիմնարկներից երկուսում մեր օպերատիվ և անվտանգության ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում և մեկի դեպքում նաև ԱԱԾ-ի հետ համագործակցված միջոցառումների արդյունքում բռնվել են քրեակատարողական հիմնարկների երկու աշխատակիցներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

Արմավիր քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի աշխատակիցը «Լիրիկա» տեսակի 19 դեղահաբ, 4 գրամ «Սուբուտեքսի» փշրանք, մոտ 200 գրամ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց է տարել քրեակատարողական հիմնարկ: ԱԱԾ բացահայտած մյուս դեպքը վերաբերում է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին: Այստեղ էլ անվտանգության ապահովման աշխատակիցը փորձել է «Սուբուտեքս» տեսակի երկու հոգեմետ դեղահաբ մտցնել կալանավայր և տեղում բռնվել է:
Գոյունյանը հայտնեց, որ արգելված իրերի ներթափանցման զավեշտալի դեպքեր են արձանագրվել: Աղավնիների, դռոնների միջոցով է փորձ արվել թմրամիջոցներ հասցնել դատապարտյալներին:
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին այսպես կոչված՝ ծառայությունների համար գումարի դրույքաչափեր են որոշվել և գանձվել: Օրինակ` կարճատև տեսակցությունը երկարաձգելու համար վերցրել են 100 դոլար, երկարատև տեսակցությունը երկարաձգելու համար` 300 մարմնավաճառներ ներս մտցնելու համար 300 դոլար են վերցրել, իսկ ունևոր բանտարկյալներից մինչև 1000 դոլար:


