Armenpress.am — Ղարաբաղում նախահագական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցած ամենատարեց ընտրողը` 111 տարեկան Արևհատ տատիկը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արևհատ տատիկը հայտնել է քվեարկությունից հետո տված հարցազրույցում, որի տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Ղարաբաղի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Ղարաբաղի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»»,- գրել է Պողոսյանը։
111-ամյա ընտրողը լրագրողի հարցին պատասխանելով՝ նշում է, որ ճիշտ ընտրություն է կատարել, և, որ ամեն ինչ լավ է լինելու։
