Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

1 Min Read

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքեր ևս մոտ 120-130 ձայն, ապա կհայտնվեր խորհրդարանում, ինչը «Քաղաքացիական պայմանագիրը» կզրկեր 3/5 մեծամասնությունից։ Նա պարզաբանել է, որ անվավեր ճանաչված տեղամասերում «Բարգավաճ Հայաստանը» միասին ուներ ավելի քան 200 քվե։ Ըստ Քոչարյանի՝ եթե այդ ձայները հաշվի առնվեին, կուսակցությունը կհաղթահարեր խորհրդարան անցնելու շեմը, և «Քաղաքացիական պայմանագիրը» չէր ունենա ԱԺ մանդատների 3/5-ը։ Պատգամավորը քննադատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) այն հայտարարությունը, թե նշված ձայներն էական ազդեցություն չէին ունենա վերջնական արդյունքի վրա։ Նրա խոսքով՝ նման պնդումը զուրկ է տրամաբանությունից և վկայում է ակնհայտ կեղծիքի մասին, ինչը «բնական չէ»։ Լևոն Քոչարյանի փոխանցմամբ՝ հաջորդ քայլը լինելու է Սահմանադրական դատարան դիմելը։ Դրանից բացի, նախատեսվում է գործընկերների հետ քննարկել պայքարի այլ ձևեր։ Նա ընդգծել է, որ խնդիրը միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատներին չի վերաբերում, այլ ընդհանուր իրավիճակին, ուստի որոշումները պետք է կայացվեն միաձայն։

Share This Article