Panarmenian.net — Կենսաթոշակառուները կկարողանան անվճար այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների` պետաջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներ, ինչպես նաև թանգարաններ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը հուշագիր են ստորագրել, համաձայն որի կենսաթոշակառուներին (աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի, զինվորական` երկարամյա ծառայության, կերակրողին կորցնելու դեպքում) մշակութային օջախներ այցելելու նպատակով կտրամադրվեն անվճար տոմսեր:
Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու տարին 3 անգամ կարող է այցելել իր նախընտրած ցանկացած թատրոն, իսկ թանգարաններ՝ ամիսը 2 անգամ:

Բանախոսներն անդրադարձել են նաև մշակութային օջախների մատչելիությանը: Նրանց խոսքով՝ այս ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական մատչելության և հասանելիության իմաստով, այլև կխթանի, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակութային օջախները մատչելի դառնան նաև ֆիզիկական իմաստով:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ ընդգծելով, որ արվել է հնարավորը՝ առավելագույնս շատ խմբեր ծրագրում ներգրավելու համար:

Ավելի վաղ նմանատիպ ծրագիր է գործարկվել աշակերտների համար: Մոտ 350,000 աշակերտի աբոնեմենտային համակարգի շրջանակում անվճար թատրոն, թանգարան և համերգ գնալու հնարավորություն է տրվել:

