3 անձ, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ձերբակալվել են` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով

1 Min Read

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ Ռազմիկ Աբրահամյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու համար:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է ոչ միայն Ռազմիկ Աբրահամյանը, այլև փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:


ՔԿ-ից հիշեցնում են, որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներոմ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը 2 կամ ավելի երեխայի նկատմամբ, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է:


Share This Article