Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

2 Min Read

«Հայկական Ժամանակ» — ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: 

Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հրայր Թովմասյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայց ներկայացնելու պատճառը Կապանում ասուլիսի ժամանակ վարչապետի արած այն հայտարարությունն է, թե ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս հայցվորն ինչ-որ ծառայություններ է առաջարկել պատասխանողին: «Որպես զրպարտություն՝ հերքման պահանջ կա այս հայտարարությանը: Այնտեղ կային նաեւ վիրավորական արտահայտություններ. պատասխանողը հայցվորին ներկայացնում էր՝ որպես քծնող անձ, ինչը դիտարկում ենք վիրավորանք, եւ պահանջ է դրվում ներողություն խնդրել դրա համար»:

Փաստաբանի խոսքով՝ հայցի վերաբերյալ շատ չեն բարձրաձայնում ԶԼՄ-ներով.


Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին:


Ի պատասխան՝ Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետն արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:

Դրանից հետո վարչապետը հրապարակել էր գրչի լուսանկար, որը Թովմասյանն էր իրեն նվիրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ եւ նշել, որ Թովմասյանն այդ օրն իրեն դիմել էր բացառապես «Պարոն վարչապետ ջան» եւ «Պարոն Փաշինյան ջան»-ով: 

Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: 

Share This Article