«Հայ առաջադիմական երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնել բելառուսցի իրավապաշտպանի ձերբակալության կապակցությամբ, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Նա Հայաստան էր ժամանել կազմակերպության հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովի։ Տարիներ առաջ այդ անձը ստիպված էր լքել Բելառուսը քաղաքական հետապնդումների պատճառով և այժմ բնակվում է Եվրոպական Միությունում, որտեղ ստացել է համապատասխան պաշտպանություն։ Այնուամենայնիվ, Եվրոպական միությանն ինտեգրվելու ձգտումներ ունեցող Հայաստանը ձերբակալել է նրան՝ ենթարկվելով Բելառուսի ավտորիտար ռեժիմի ոչ իրավաչափ պահանջին։
Կազմակերպությունը խորապես անհանգստացած է այս իրադարձությամբ՝ այն անընդունելի համարելով։ Հայաստանը, որը հռչակում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանություն, չպետք է սահմանափակի մարդու իրավունքների պաշտպանի ազատությունը կամ քննարկի նրան մի երկիր արտահանձնելու հնարավորությունը, որտեղ նրա կյանքը, անվտանգությունը և հիմնարար իրավունքները կարող են լրջորեն վտանգվել։
Այդ կապակցությամբ կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ ապահովել ձերբակալված անձի իրավունքների ամբողջական պաշտպանությունը և անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաև բացառել Բելառուս արտահանձնման ցանկացած գործընթաց՝ մինչև միջազգային պաշտպանության բոլոր մեխանիզմների մանրակրկիտ գնահատումը։ Շեշտվում է, որ Հայաստանը չպետք է նույնանա Բելառուսի հետ և չպետք է հեղինակություն ձեռք բերի որպես մի երկիր, որտեղ քաղաքական հետապնդումներից փախած անձինք ապահովություն չեն գտնում, այլ ընդհակառակը՝ կանգնում են նույն վտանգների առջև, որոնցից փորձել էին խուսափել։

