Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

1 Min Read

2026 թվականի փետրվարի 7-ին մեկնարկած Ազգային ժողովի ընտրությունների գործընթացի հետ կապված՝ դատախազները մինչ օրս դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ ընդգրկելով 60 անձի։ Դրանցից 12 վարույթ (51 անձի մասով) վերահսկվել է ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեի դատախազների կողմից։

Հիմնականում արձանագրվել են ընտրակաշառք տալու կամ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, հավաքներին մասնակցության համար նյութապես շահագրգռելու և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարն ընտրողներին առաջարկել է աշխատանք, բնակարան, հողատարածք ու պաշտոն՝ քվեի դիմաց։ Նույն կուսակցության անդամներից մեկը, բարեգործության անվան տակ, խոստացված տեխնիկայի փոխարեն գումար է տվել ընտրողին։ Մեկ այլ դեպքում՝ «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը, երկու այլ անձի հետ, Սյունիքի մարզում փորձել է սպառնալիքներով խոչընդոտել բնակիչների ընտրական իրավունքը՝ պահանջելով քվեարկել իրենց օգտին։ Այս դրվագում մեղադրյալներից մեկն ընտրակաշառք է տվել նաև պարտքի զիջման և աշխատանքի խոստումներով։

«Մեր ձևով» ՀԿ գրասենյակի ղեկավարը, ով ըստ էության «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ էր կապված, չորս անձի ընտրակաշառք է տվել և 200 հազար դրամ՝ խախտելով բարեգործության արգելքը։ Իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն կնոջ հետ միասին Սյունիքի բնակչի աչքերի վիրահատության ծախսը հոգալու խոստում է տվել՝ որպես ընտրակաշառք։ Բացի այդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակիցը Ստեփանավանի բնակչին գումարի տեսքով ընտրակաշառք է խոստացել։

Share This Article