Կյանքից հեռացել է բրիտանացի լեգենդար լրագրող Ռոջեր Քուկը

1 Min Read

Բրիտանական հեռուստատեսության լեգենդար դեմքերից, հետաքննող լրագրության ոլորտի վետերան Ռոջեր Քուկը մահացել է կարճատև հիվանդությունից հետո։ Այս մասին, հղում անելով նրա ընտանիքին, տեղեկացրել է Daily Star պարբերականը։

Ըստ պարբերականի տվյալների՝ մահվան դեպքը գրանցվել է հունիսի 13-ին։

Հարազատների տարածած հայտարարության մեջ ասվում է. «Բացի լրագրության բնագավառում արժանացած բազմաթիվ մրցանակներից, Ռոջերը մեր բոլորի համար առաջին հերթին սիրելի ամուսին էր ու հայր։ Մենք բոլորս կկարոտենք նրան»։

83-ամյա Քուկն ավելի քան կես դար է աշխատել հեռուստալրագրության ոլորտում՝ ձեռք բերելով հետաքննող լրագրողի համբավ, ով նվիրված էր հանցագործությունների, կոռուպցիայի և անարդարության բացահայտմանը։ Իր աշխատանքի ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական հարձակումների նկարահանումների և հարցազրույցների ժամանակ, ինչի հետևանքով ստացել էր «Բրիտանիայի ամենաշատ ծեծվող լրագրող» մականունը։

ITV հեռուստաալիքի ներկայացուցիչները Քուկին անվանել են բրիտանական լրագրության ամենահեղինակավոր դեմքերից մեկը՝ ընդգծելով նրա աշխատանքի կարևոր ներդրումը հետաքննող լրագրության զարգացման և օրենսդրական փոփոխությունների մեջ։

Share This Article