Մի քանի ամիս ԱՄՆ նահանգների բնակիչները բողոքում էին ցածր հաճախականության խորհրդավոր բզզոցից, որն, ըստ նրանց, թունավորում էր իրենց կյանքը։ Մարդիկ հայտնում էին անքնության, գլխացավերի, ականջներում ճնշման, տագնապի և նույնիսկ տների թրթռման մասին։ Քոնեկտիկուտ նահանգի Ուեսթ Հեյվեն քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր է՝ պարզել են աղմուկի աղբյուրը, գրում է Daily Mail-ը։
Խնդիրը հատկապես սուր էր Ուեսթ Հեյվենում, որտեղ տեղացիները ձայնը նկարագրում էին որպես հեռվում աշխատող փոշեկուլ։ Բզզոցը շարունակվում էր ցերեկ ու գիշեր և լսվում էր ավելի քան մեկ տարի։ Տեղի բնակչուհի Քիմբերլի Նունեսը կազմակերպել էր միջնորդագիր՝ հետաքննություն պահանջելով, և խոստովանել, որ ստիպված է եղել քնաբեր դեղեր ընդունել։
Բողոքներից հետո քաղաքային խորհուրդը 16 հազար դոլար հատկացրել էր անկախ ակուստիկ հետազոտության համար։ Փորձագետները եկել էին այն եզրակացության, որ աղմուկի աղբյուրը Glanbia Nutritionals ընկերության ձեռնարկության սարքավորումներն են։
Ստուգումը ցույց էր տվել, որ խնդիրն առաջացել էր 2024 թվականին տանիքին տեղադրված ձայնախլացուցիչների պատճառով, որոնք բավականաչափ արդյունավետ չէին ցածր հաճախականության տոնը ճնշելու համար։ Ընկերությունը, կատարելով սեփական վերլուծությունը, համաձայնել էր փոխարինել սարքավորումները ավելի արդյունավետ տարբերակներով և արդեն տեղադրել էր լրացուցիչ ձայնակլանող ծածկույթներ։
Նման բողոքներ ստացվում են նաև ԱՄՆ հյուսիսարևելյան այլ շրջաններից։ Նյու Ջերսի նահանգի Վայնլենդ քաղաքում բնակիչները սկսել են տեղեկացնել ցածր հաճախականության աղմուկի մասին՝ 223 հազար քառակուսի մետր մակերեսով տվյալների կենտրոնի շինարարության մեկնարկից հետո։ Թեև ուղիղ կապ չի հաստատվել, մասնագետները նշում են, որ խոշոր տվյալների կենտրոնները կարող են ստեղծել մշտական ցածր հաճախականության աղմուկ՝ հզոր հովացման համակարգերի, օդափոխիչների և շուրջօրյա աշխատող էլեկտրական սարքավորումների պատճառով։
Փորձագետների գնահատմամբ՝ նման օբյեկտները կարող են առաջացնել 55-85 դեցիբել աղմուկ, որը տարածվում է մեծ հեռավորությունների վրա։ Նման բողոքներ էին ստացվել նաև Վիրջինիա նահանգից, որտեղ տեղակայված են հարյուրավոր տվյալների կենտրոններ։ Բնակիչները հայտնում են ոչ միայն աղմուկի, այլև տների ներսում զգացվող թրթռումների մասին։
NASA-ի նախկին վերլուծաբան Ջոն Լայվերը, որն ուսումնասիրում է խնդիրը, հայտնել է, որ նման օբյեկտներից եկող աղմուկի մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան ենթադրվում էր։
Մինչ իշխանությունները շարունակում են հետաքննությունն այլ շրջաններում, Քոնեկտիկուտի դեպքը դարձել է առաջիններից մեկը, երբ հաջողվել է բացահայտել առեղծվածային բզզոցի կոնկրետ արդյունաբերական աղբյուրը։

