Տեխասում շաբաթ օրը տեղի է ունեցել ծանր ճանապարհատրանսպորտային վթար, որի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բախումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 16:30-ին State Highway 171 մայրուղու վրա՝ Հիլ շրջանի Բայնում և Մելոուն բնակավայրերի միջև։ Տեղեկությունը հայտնել է Տեխասի Հանրային անվտանգության դեպարտամենտը։
Նախնական տվյալներով՝ դեպի հյուսիս ընթացող մարդատար ավտոմեքենան փորձել է շրջանցել մեկ այլ տրանսպորտային միջոց։ Այն դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է ուղևորատար ֆուրգոնի։ Հարվածից հետո երկու մեքենաներն էլ բռնկվել են։
Դեպքի վայրում մահացել է չորս մարդ՝ երկու մեծահասակ և երկու երեխա։ Եվս մեկ երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարդատար ավտոմեքենայի ևս երկու ուղևոր նույնպես զոհվել են, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։
Զոհվածների անուններն առայժմ չեն հրապարակվում, իշխանությունները սպասում են հարազատներին տեղեկացնելուն։ Քննությունը շարունակվում է։
Հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել են հրշեջ ստորաբաժանումներ, փրկարարներ և բուժաշխատողներ։ Մասնավորապես՝ Բայնումի, Փենելոփի և Հիլսբորոյի հրշեջ ծառայությունները, ինչպես նաև Careflite շտապ օգնության ծառայությունը։
Ավելի վաղ նույն շաբաթվա ընթացքում Տեխասում փոքր ուղևորատար Cessna Citation Latitude ինքնաթիռը կործանվել էր Լարեդոյի շրջանում։ Այդ միջադեպի հետևանքով մեկ մարդ էր զոհվել։

