«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին

3 Min Read

Գագիկ Ծառուկյանը The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսի իր կառուցվելիք արձանը Հայաստանի համար «վերածննդի ուղի ցույց կտա»։ Նա հույս է հայտնել, որ այս նախագիծը կհամահունչ լինի կրոնական հավատքը, ազգայնականությունն ու մշակութային պահպանողականությունը միահյուսող գլոբալ շարժմանը։

Թեև անցյալ ամսվա խորհրդարանական ընտրություններում Ծառուկյանի կուսակցությունը ստացել է ձայների 4%-ից պակասը, նա մնում է վճռական՝ իր հետքը թողնելու երկրի վրա։ Նրա ընտրած հուշարձանը լինելու է Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենաբարձր արձանը, որը կանգնեցվելու է Երևանին նայող 2500 մետր բարձրություն ունեցող լեռան գագաթին։

«Սա կլինի Հայաստանի այցեքարտը։ Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»,– ասել է Ծառուկյանը Առինջ գյուղում տված հարցազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ նախագիծը կապվում է միջազգային այն շարժման հետ, որը միավորում է կրոնական հավատքը նացիոնալիզմի և մշակութային պահպանողականության հետ։

The Guardian-ը հիշեցնում է, որ նախկին մարզիկը, ով դարձել է գործարար և քաղաքական գործիչ, իր կարողությունը դիզել է Խորհրդային Միության փլուզումից հետո՝ խաղատների, ալկոհոլի և հանքարդյունաբերության ոլորտներում։ Ծառուկյանը ակնհայտ բավարարվածությամբ նշել է, որ արձանը կգերազանցի Բրազիլիայի «Հիսուս Փրկիչ» արձանին և մի փոքր ավելի բարձր կլինի, քան Նյու Յորքի «Ազատության արձանը»։

«Մենք աշխարհի հնագույն քրիստոնյա ազգն ենք։ Տրամաբանական է, որ մենք պետք է ունենանք Հիսուսի ամենամեծ արձանը»,- ասել է նա։ Այդ առիթով նա նշել է, որ Դոնալդ Թրամփը ևս հրավիրված է։

Հայ Առաքելական եկեղեցին բազմիցս դեմ է արտահայտվել նախագծին՝ պնդելով, որ դրա մասշտաբն ու ոճը չեն համապատասխանում Հայաստանի կրոնական և ճարտարապետական ավանդույթներին։ Եկեղեցական առաջնորդները նշում են, որ հայկական քրիստոնեությունը պատմականորեն արտահայտվել է վանքերի, եկեղեցիների և խաչքարերի միջոցով։ Նախագիծը քննադատության է ենթարկվել նաև բնապահպանների կողմից։

Ծառուկյանը հերքում է այս առարկությունները՝ նշելով իր լավ հարաբերությունները եկեղեցու հետ և մատնանշելով իր ֆինանսավորած ութ եկեղեցիները։ Նա հայտարարել է, որ ի վերջո տարեկան 10 միլիոն զբոսաշրջիկ կայցելի այդ վայրը։

Քաղաքական դաշտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին ներկայացնում է որպես երկրի կոռումպացված հին համակարգի խորհրդանիշ։ Հունիսի 7-ին Փաշինյանը խոստացել է բանտարկել իր քաղաքական հակառակորդներին, իսկ հաջորդ օրը Ծառուկյանին հարկային հանցագործությունների համար պաշտոնական մեղադրանք է առաջադրվել։ Ծառուկյանը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ չի վախենում բանտարկությունից։

Ծառուկյանը նշել է, որ Հիսուսի արձանը միայն սկիզբն է։ Արդեն սկսվել է «Նոյան տապանի» կառուցումը, որը կունենա թանգարան, հյուրանոց և սրճարան։ «Այս նախագծերը սուրբ են։ Այսպես ես իմ անունը կգրեմ պատմության մեջ»։

Share This Article