Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին, հայտնում է Haaretz-ը։
Այս որոշումն այժմ կփոխանցվի Կնեսետի հաստատմանը։
Փաստաթղթում նշվում է, որ Իսրայելը կճանաչի Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Այն նաև կդատապարտի պատմական ճշմարտությունը ժխտելու, նսեմացնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ։ Իսրայելի ԱԳՆ տվյալներով՝ 32 պետություն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կառավարության որոշման մասին հայտարարելիս ասել է. «Ճիշտ քայլ կատարելու համար երբեք ուշ չէ»։
Առաջարկի տեքստում նշվում է, որ չնայած լայնածավալ փաստաթղթերին, Հայոց ցեղասպանությունը մինչ օրս մնում է ժխտման և նսեմացման արշավի թիրախ։ Այդ թվում՝ պատմության դասագրքերի մանիպուլյատիվ վերաշարադրման միջոցով, հիմնականում Թուրքիայի կողմից։
Իսրայելի ԱԳՆ իրավական խորհրդական Թամար Կապլան-Տուրգեմանը նախարարների կաբինետի անդամներին ուղղված եզրակացության մեջ նշել է, որ որոշումից հետո կառավարությունը կտեղեկացնի Կնեսետին և կձգտի հարցը դնել խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը։

