Կատարի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Քննարկվել են Իրան-ԱՄՆ հուշագրի շրջանակում մարտական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
«Կատարը կշարունակի կատարել միջնորդի դերը և աջակցել հուշագրով նախատեսված բանակցային բոլոր գործընթացներին՝ համապարփակ և երկարատև կարգավորման հասնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի իրադրության շուրջ՝ հատուկ անդրադառնալով Լիբանանում զինադադարին։ Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի ռեժիմն անհրաժեշտ է պահպանել և ամրապնդել՝ երկրի միասնությունը, ինքնիշխանությունը և կայունությունը երաշխավորելու համար։
ԱՄՆ պատվիրակությունը բարձր է գնահատել Կատարի և Պակիստանի ջանքերը երկխոսության կազմակերպման գործում։ Ուիթքոֆը և Քուշները հավաստիացրել են, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել մասնակցել բանակցություններին և աջակցել համապարփակ համաձայնության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին։

