ԱՄՆ զինված ուժերը զգալի ռազմական ներկայություն են հաստատել Վենեսուելայում և դրա հարակից շրջաններում՝ աջակցելու երկրաշարժից հետո իրականացվող փրկարարական գործողություններին։ Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ բարձրագույն զինվորական հրամանատար Ֆրանսիս Դոնովանը Reuters-ին հայտնել է, որ Վենեսուելայում տեղակայված է ավելի քան 900 ամերիկացի զինծառայող։
Եվս շուրջ 800 զինծառայող գտնվում են Կարիբյան տարածաշրջանի հենակետերում՝ Պուերտո Ռիկոյում և Կյուրասաոյում։ Դոնովանի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին, աջակցել օդանավակայանի վերականգնմանը և ներգրավել օդային ու ռազմածովային միջոցներ՝ մարդասիրական օգնություն մատակարարելու համար։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի տարածքում կիրառել են առնվազն չորս կամ հինգ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Դրանք Մայամիում գործող տվյալների կենտրոնի հետ միասին օգնում են բարելավել Վենեսուելայի իշխանությունների իրազեկվածությունը։
Հրամանատարն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները Վենեսուելա են տեղափոխվել բացառապես երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու նպատակով և չեն պատրաստվում երկարաժամկետ տեղակայման։ «Խոսքը մնալու մասին չէ։ Մենք այստեղ ենք՝ մարդասիրական օգնության գործողությունների շրջանակում։ Երբ մեր աշխատանքն ավարտվում է, մենք հեռանում ենք», – հայտարարել է Դոնովանը։
Հունիսի 24-ին Վենեսուելայում գրեթե մեկ րոպե տարբերությամբ տեղի են ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ։ Դրանք ավերել են շենքեր և հազարավոր մարդկանց թողել փլատակների տակ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 1943 մարդ, իսկ 10 571 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

