Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 1999 թվականից ի վեր ավելի քան 3000 ադրբեջանական բանակի զինծառայող մասնակցել է խաղաղապահ գործողությունների աշխարհի տարբեր երկրներում։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հասանովը նշել է սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի համատեղ պատրաստած զեկույցի նախաբանում, որը վերաբերում է ադրբեջանական բանակի խաղաղապահ գործողություններին։
Նախարարը հայտարարել է, որ աշխարհում տեղի ունեցող անկայուն աշխարհաքաղաքական գործընթացները և հակամարտությունները մեծացնում են խաղաղապահների դերը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի և միջազգային հանրության անդամ, սատարում է խաղաղության և համաշխարհային անվտանգության պահպանման բոլոր նախաձեռնություններին։
Այժմ քննարկվում են ադրբեջանական բանակի մասնակցության հնարավորությունները ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող տարբեր միջազգային խաղաղապահ գործողություններին։

