«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը

1 Min Read

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Այս մասին հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։

Սիմոն Աբգարյանը գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեություն է ծավալել թատրոնում և կինոյում։ Նա իր կարիերան սկսել է 1980-ականներին Ամերիկայում, այնուհետև աշխատել Արիան Մնուշկինի «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից նա մեծ հաջողությամբ նկարահանվում է Ֆրանսիայում և Ամերիկայում։

Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը։ Նա մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին։ 2026 թվականին խաղացել է գեներալ Շարլ դը Գոլի դերը Անտոնան Բոդրիի ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։

Աբգարյանը բազմիցս արժանացել է «Մոլիեր» մրցանակին՝ 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը։

Share This Article